Հայաստանի մշակույթը

Հայաստանն իրավամբ համարվում է մարդկային քաղաքակրթության օրրաններից մեկը: Հայկական մշակույթի ակունքներում ուրարտական քաղաքակրթության մշակույթն է: Բավական հարուստ է ուրարտական ժառանգությունը՝ քաղաք-ամրոցներ, մետաղի մշակման զարգացած մշակույթ, սեպագիր արձանագրություններ և ոռոգման՝ Հին աշխարհում եզակի համակարգեր: Մ.թ.ա. IV դարից մինչև մ.թ. III դարը հայկական մշակույթը զարգացել է հելլենիզմի ազդեցությամբ: 301 թվականին քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու արդյունքում Հայաստանը դառնում է համաշխարհային մշակույթի զարգացման կարևորագույն օջախներից մեկը: Դարեր շարունակ հայկական մշակույթը զարգացել է Հայ եկեղեցու հովանու ներքո: Հայաստանը պատկառելի ավանդ ունի համաշխարհային մշակույթի զարգացման գործում: Հայկական մշակութային ժառանգության կարևոր բաղկացուցիչներից մեկը խաչքարերի՝ աշխարհում եզակի մշակույթն է: Հսկայական քարե սալերի վրա փորագրված ժանեկահյուս ու փորագրազարդ խաչերը, որոնք խորհրդանշում են Քրիստոսի հաղթանակը մահվան նկատմամբ, Հայաստանում կերտվում են արդեն ավելի քան մեկ հազարամյակ: Մոմիկի, Վարդանի և մյուս հռչակավոր քարգործ վարպետների հիասքանչ և մեկը մյուսին չկրկնող աշխատանքներով կարելի է հիանալ Հայաստանում ամենուր գտնվող հնադարյան գեղատեսիլ վանքերում: Աշխարհում խաչքարերի ամենամեծ հավաքածուն համարվում է Նորատուսի գերեզմանատունը:V դարի սկզբին Մերոպ Մաշտոցն ստեղծեց հայոց գրերը և հայերեն թարգմանեց Աստվածաշունչը: Այն անվանում են «Թարգմանությունների թագուհի»: Սկսվեց հայկական մշակույթի ծաղկման դարաշրջանը: Հայ աստվածաբանները ստեղծեցին իրենց հիմնարար աշխատությունները և հայերեն թարգմանեցին բազմաթիվ աստվածաբանական գործեր ու հոգևոր ստեղծագործություններ, իսկ Եզնիկ Կողբացու և Կորյունի թարգմանությունները ժամանակի համար դարձան չափանիշային: Այս շրջանում էլ Հայասստանում ծնվեց ձեռագիր մատյանների էջերը նկարազարդելու արվեստը` մանրանկարչությունը, որի անգերազանցելի վարպետներից են Ավագ Մարգարեն, Թորոս Ռոսլինն ու Սարգիս Պիծակը: Նրանց մանրանկարներին կարելի է ծանոթանալ աշխարհում հին ձեռագրերի խոշորագույն պահոցներից մեկում՝ Երևանի Մատենադարանում: Հայ եկեղեցու հովանու ներքո ստեղծվեցին Գլաձորի, Տաթևի, Նորավանքի, Սսի ու Անիի համալսարանները, ուր դասավանդում էին աստվածաբանության, գիտության, փիլիսոփայության ու մշակույթի կարկառուն ներկայացուցիչներ Գրիգոր Տաթևացին, Հովհաննես Որոտնեցին, Գրիգոր Մագիստրոսը, Վահրամ Րաբունին և ուրիշներ: Միջնադարում Հայաստանում ծաղկում է ապրում ազգային պատմագիտական դպրոցը, որի զարգացումը կապված է Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Ղազար Փարպեցու, Ստեփանոս Տարոնացու, Կիրակոս Գանձակեցու անունների հետ: Ժամանակի խոշորագույն իրավագետ ու առակագիր Մխիթար Գոշը կազմում է հայկական օրենքների առաջին համահավաք ժողովածուն՝ «Դատաստանագիրքը»: Իսկ մաթեմատիկոս ու տիեզերագետ Անանիա Շիրակացու և մեծ բժշկապետ Մխիթար Հերացու աշխատությունները հռչակվում են նաև Հայաստանից շատ ու շատ հեռու: Х դարում Հայաստանում սկսվում է վաղ հայկական Վերածննդի դարաշրջանը: Նարեկի վանքում իր հոգևոր-քնարական պոեմներն է գրում աստվածաբան, փիլիսոփա ու բանաստեղծ Գրիգոր Նարեկացին: Մի քանի հարյուրամյակ ընդգրկող այս դարաշրջանի վառ ներկայացուցիչներից են նաև շարականների հեղինակ, Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Շնորհալին և բանաստեղծ Կոստանտին Երզնկացին: Ճարտարապետությունը Հայաստանում ամենազարգացած արվեստներից է, քանի որ այն լավագույնս է արտացոլում հայ ժողովրդի ստեղծարար ու արարող հոգեկերտվածքը: Հայաստանն անվանում են «քարի երկիր». Այն հարուստ է ամենատարբեր գույների ու երանգների գործնականում բոլոր բնական շինաքարերով՝ տուֆ, մարմար, բազալտ, տրավերտին, գրանիտ և այլն: Ուրարտական շրջանի ամենամեծ ճարտարապետական համալիրներն են Էրեբունի, Թեյշեբաինի, Արգիշտիխինիլի, Տուշպա և Ուրմիա քաղաք-ամրոցները: Հելլենիզմի շրջանից մեզ են հասել Արտաշատի, Տիգրանակերտի ու այլ քաղաքների ավերակները: Նախաքրիստոնեական շրջանի ճարտարապետության առավել վառ օրինակներից է մ. թ. առաջին դարում Գառնիում՝ Հայոց արքաների ամառային նստավայրում կառուցված Արևի տաճարը: Հայկական ճարտարապետության ծաղկումն սկսվում է քրիստոնեության ընդունումից հետո: IV դարում հիմնադրվում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, իսկ VII դարում կառուցվում են Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիները: Հայկական ճարտարապետության գլուխգործոցներից են Զվարթնոցի տաճարը (641—661թթ.) և Հայաստանի մայրաքաղաքներից Դվինը, որոնք ավերվել են երկրաշարժերի հետևանքով, և մեզ են հասել նրանց ավերակները: Հայաստանում բավական շատ են VI –IX դարերի լավ պահպանված վանքերը: Х–XI դարերում՝ հայկական պետականության վերականգնման շրջանում, Հայաստանի հյուսիսում կառուցվեցին Հաղպատի ու Սանահինի վանքերը, Վանա լճի Աղթամար կղզում՝ Սուրբ Խաչ եկեղեցին, ծաղկման հասավ Բագրատունյաց Հայաստանի հիասքանչ մայրաքաղաքը՝ «տիեզերական քաղաք» Անին: XII – XIV դարերում ստեղծվեցին հայկական պաշտամունքային ճարտարապետության գլուխգործոցները՝ Տաթևի, Կեչառիսի ու Հաղարծինի վանքերը, Գոշավանքը, Հովհաննավանքը, Սաղմոսավանքը, Նորավանքը, Գանձասարի վանքը և բազմաթիվ այլ ճարտարապետական կոթողներ: Այս շրջանում է կառուցվել նաև ժայռափոր Գեղարդավանքը: XV – XIX դարերում պատմական Հայաստանի տարածքում կառուցվել են հազարավոր վանքեր ու եկեղեցիներ, որոնցից յուրաքանչյուրը, որպես ճարտարապետական հուշարձան, ունի բացառիկ արժեք: Այսօր նույնպես Հայաստանում եկեղեցիները կառուցվում են միջնադարյան հայկական ճարտարապետության կանոններով:

Հայկական միջնադարյան ճարտարապետության փայլուն օրինակներ են նաև մեզ հասած իշխանական բերդերն ու ամրոցները, կամուրջներն ու իջևանատները, որոնցից առանձնանում են Ամբերդի ամրոցն ու Սելիմի իջևանատունը: XIX դարի հայկական քաղաքային ճարտարապետության փայլուն օրինակ է Գյումրի քաղաքի պատմական կենտրոնը՝ Սուրբ Աստվածածին վանքով ու սև տուֆից կառուցված գեղեցիկ առանձնատներով: Իսկ ժամանակակից ճարտարապետությունը լայնորեն ներկայացված է Երևանում: Դժվար է գերագնահատել հայկական ճարտարապետության ավանդը համաշխարհային ճարտարապետության զարգացման գործում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում են ընդգրկված Սուրբ Գայանե և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները, Էջմիածնի Մայր տաճարը, Զվարթնոցի ու Գառնիի տաճարները, Հաղպատի, Սանահինի ու Գեղարդի վանքերը:

Հայկական երգարվեստի ու պարարվեստի և դուդուկի մոգական հնչյունների արմատները գնում են դարերի խորքը: Հայկական երաժշտական արվեստում ուրույն տեղ ունի աշուղական մշակույթը. ինքնուս քնարական երգիչների մեջ առանձնանում է XVIII դարի անկրկնելի երգիչ, բանաստեղծ ու երգահան Սայաթ-Նովան: Իսկ հայ մեծ երգահան Կոմիտասը ստեղծեց հոգևոր երաժշտության՝ իրենց էներգետիկայով ցնցող ստեղծագործություններ, ինչպես նաև ընդհանրացրեց ու վերաիմաստավորեց ազգային երաժշտական ժառանգությունը: Նա գործնականում կարողացավ վերծանել հին հայկական ձայնանիշները՝ խազերը, և բացահայտեց դրանց գաղտնիքը: Հայ եկեղեցական երաժշտության զարգացման գործում իրենց ուրույն տեղն ունեն Մակար Եկմալյանի ստեղծագործությունները, այդ թվում նաև՝ Հայկական պատարագի համար գրած գեղեցկագույն շարականները:

Արմեն Տիգրանյանն ու Ալեքսանդր Սպենդիարյանը ստեղծեցին համապատասխանաբար «Անուշ» և «Ալմաստ» օպերային արվեստի գոհարները: Իսկ Արամ Խաչատրյանը դասվում է 20-րդ դարի մեծագույն երգահանների թվին: Նրա ժառանգության գլուխգործոցներն են համարվում «Սպարտակ» և «Դիմակահանդես» բալետները: Սասունցի Դավթի մասին հայկական ազգային էպոսն արտացոլում է հայ հասարակության արժեքների ու իդեալների համակարգը: Հայ արձակի մեծագույն ներկայացուցիչներն են Գրիգոր Զոհրապը, Շիրվանզադեն, Նար-Դոսն ու Վահրամ Փափազյանը, իսկ պոեզիայի հսկաներն են Հովհաննես Թումանյանը, Սիամանթոն, Դանիել Վարուժանը, Ալեքսանդր Ծատուրյանը, Վահան Տերյանը, Ղևոնդ Ալիշանը, Եղիշե Չարենցը, Ռուբեն Սևակը, Սիլվա Կապուտիկյանը, Ավետիք Իսահակյանը և ուրիշներ: Հայ նկարչության գագաթներն են Մարտիրոս Սարյանը, Գևորգ Բաշինջաղյանը, Գրիգոր Խանջյանն ու Հովհաննես Այվազովսկին, որոնց կտավները հագեցած են հայ ժողովրդի աշխարհընկալման գեղագիտությամբ: Հայկական մշակույթը աշխարհին է նվիրել կիրառական արվեստի բազմաթիվ զարմանահրաշ գլուխգործոցներ: Հայ վարպետները տիրապետում են մետաղի մշակման, ոսկերչության, զինագործության, գորգագործության, կերամիկական, փայտե ու գործվածքե իրերի պատրաստման հնագույն գաղտնիքների:

աղբյուրը  ՝    http://www.armeniatravel.am/am/incoming/art—culture

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s